«Ուսումնական նյութերի ձայնագրություն» նախագծով, այս պահին ունենք ձայնագրված 5 երգ, որոնց կատարումը կներկայացվի «Սեբաստացիներ» վոկալ համույթի ձայնագրությունների կատարման շնորհանդես — համերգին:
«Ուսումնական ժամերգություն» նախագծով սովորել ենք հատված Սուրբ Պատարագից՝ «Լըցաք ի բարութեանց Քոց, Տէր»: Այն կատարվելու է կրթահամալիրյան «Ուսումնական պատարագ»-ին:
«Պարապմունք — համերգ»նախագծով Լիսիցյանական օրերին նոյեմբերի 22-ին, ժամը 15.30-ին ազգային պարերգերի կատարմամբ, հանդիպելու են «Սեբաստացիներ» մանկական, պատանեկան երգչախմբերը:
Ապրիլ ամսվա աշխատանքների արդյունքում երգչախումբը կարողանում է ինքնուրույն կատարել խմբերգերի ձայնամասերը, հղկել է ընդհանուր երգեցողության հնչողությունը, լիարժեք յուրացրել մանկական երաժշտական տեսարանի խմբերգերը, խաղերը, ասիկները:
Երգչախումբը սովորել և կատարում է ծրագրային «Կաքավներ, կաքավներ», «Զմփիկ, զմփիկ», «Հինգ էծ ունեմ ուլերով», «Իմ աղբերը գառումն ա» երգերը, որոնք ձայնագրվելու են կրթահամալիրի ձայնագրման ստուդիայում:
Երգչախումբը «Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական մայիսյան 16-րդ հավաք»-ին «Դասարանական երգչախմբերի համագործակցությունը՝ խմբերգային բազմաձայն համատեղ երգեցողության արդյունավետ միջոց» նախագծով Հարավային (երաժշտության դասավանդող՝ Մարիամ Մնացականյան), Արևմտյան (երաժշտության դասավանդող՝ Սեդա Թևանյան), Հյուսիսային (երաժշտության դասավանդող՝ Հասմիկ Մաթևոսյան) դպրոցների հանրակրթական ուսումնական երգչախմբերի հետ «Զմփիկ, զմփիկ» մանկական ազգային օպերայով դեպի «Հազարան հավք»:
Փորձը ցույց տվեց, որ արդյունավետ է անհատական աշխատանքը: Հետաքրքիր է, որ այն հատվածը, որի ճիշտ, մաքուր կատարման վրա աշխատում էինք, Անգելինան կատարում էր մանկանը հատուկ ստեղծականությամբ՝ ստեղծելով իր երաժշտական դարձվածքը: Բացառված չի, որ այդ կտորն այդպես էլ կատարած լինեն: Զարմանալի բարեխղճություն ու համբերատարություն ցուցաբերեց:
Խմբային աշխատանքի օրինակ
Խմբային աշխատանքը բավական հմտություն է պահանջում երկուստեք կողմից: Փոքրիկ երգիչները տարբեր արագությամբ են երգում, կատարման ժամանակ միմյանց լսելը դժվար է: Համաչափ կատարելու համար հարկավոր է մեղմ երգել, լարել լսողությունը և փորձել մյուսների կատարած երգի արագությամբ միանալ: Ոչ բոլորի կապերն են բավարարում աշխատանքի պահանջներին, ձայնը կտրատվում է, կապն է վատ: Բոլոր դեպքերում, մեր աշխատանքը հաջողվեց, քանի որ բոլորս էլ մեծ ցանկությամբ ու համբերությամբ աշխատեցինք:
Կրթահամալիրում իրականացվում է «Ազգային օպերա» նախագիծը: Քոլեջը, համագործակցելով «Սեբաստացիներ» մանկական, Միջին և Հարավային դպրոցների հանրակրթական երգչախմբերի հետ, իրականացնում է «Ազգային օպերա. Համբարձում» նախագիծը: Մանկական երգչախումբը մասնակցում է առաջին մասում, որտեղ ներկայացվում են մանկական խաղերգեր, պարերգեր:
Սիրով նշում եմ, որ մեր փոքրիկ երգիչները բարեխիղճ կատարում են բավական բարդ աշխատանք՝ կարողանում են ինքնուրույն երգել իրենց ձայնամասերը, բանավոր խաղային տեքստերն արտաբերում են համապատասխան ինտոնացիայով, մանկական խաղերգերը կատարում են խաղալով, ցուցադրելով: Անկախ արդյունքից, կարևորվում է սիրով, նվիրված, հավեսով աշխատանքը:
«Սեբաստացիներ» մանկական երգչախումբը մանկական երգչախումբը ստեղծվել է 1996 թվականին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի երաժշտության կենտրոնում՝ որպես լրացուցիչ կրթություն: Այդ տարիներին փոխվել են նվագակցողները, բայց խմբավարը եղել և դեռ մնում եմ ես: Երգչախմբի գործունեության ընթացքում բազմաթիվ սովորողներ են անցել գրագետ, ինտոնացիոն մաքուր, բազմաձայն երգեցողության հմտություն ստանալու ճանապարհը, ձեռք են բերել երաժշտախմբում երգելու վարպետություն՝ լուծելով այն խնդիրները, որոնք դրված են եղել նրանց առջև:
Խմբերգերը լինում են միաձայն և բազմաձայն: Ունիսոն (միաձայն) երգեցողությունը կարող է թվալ ավելի հեշտ կատարվող, սակայն ունի կատարման իր բարդությունը, այն ցուցանիշ է երգչախմբի ինչպես վոկալ, այնպես էլ տեխնիկապես (խոսքը երաժշտականի մասին է, այսպես արտահայտվում են երաժշտական աշխարհում) գրագետ պատրաստվածության: Երգչախումբը պետք է հնչի՝ որպես մեկ հավաք երաժշտական կառույց, ոչ մի ձայն չի կարող առանձնանալ: Բազմաձայն երգեցողության մեջ կարող են որոշ աննկատ թերություններ չերևալ, բայց, միաձայն երգեցողությունը նման է սպիտակ թղթի, որի վրա ամենաաննշան բիծն անգամ երևում է:
Երգչախմբում նոր քայլեր կատարող փոքրիկ երգիչը հիմնականում լսում է, որ կարողանա մտապահել իր ձայնամասի մեղեդին, ապա փորձում կատարել մյուսների հետ: Հիմնականում հենվում են կողքի արդեն փորձառու երգչի երգեցողության վրա, վերջինս կատարում է առաջ տանող «շոգեքարշի» դեր: Ժամանակի ընթացքում, անընդհատ լսելով ու կատարելով, փոքրիկ նորեկը կարողանում է իր ձայնամասը կատարել: Իհարկե, չի կարելի վստահ ասել, որ բազմաձայնության մեջ կկարողանա ինքնուրույն երգել, չշեղվել դեպի այլ ձայնամաս: Դա տարիների հետևողական և բարեխիղճ աշխատանք է պահանջում: Կարևոր է նաև բնությունից արդեն ստացած երաժշտական ունակությունը: Այն, ինչ մեկին տրվում է տարիների քրտնաջան աշխատանքի, մյուսին կարող է տրվել մեկ, երկու ամսվա կատարած աշխատանքի շնորհիվ:
Երգչախմբի փորձառու և անփորձ երգիչների փոխօգնության մթնոլորտում յուրաքանչյուրի մեջ ձևավորվում է բարոյական հատկությունների կարևոր փունջ, որն էլ նպաստում է առողջ, որակյալ երգեցիկ խմբի ձևավորմանը: Անհնար է խմբի գոյությունն առանց սիրո, վստահության, փոխզիջման, միմյանց լսելու, օգնելու, հասկանալու ունակության:
Երգչախումբը այն հարթակն է, որտեղ, ձեռք բերելով բազմաձայն երգելու կարողություն, սիրելով երաժշտական երգչական այդ տիպի «գործիքը», կարողանում են ներառվել կրթահամալիրում և կրթահամալիրից դուրս գործող այլ երաժշտախմբերի մեջ:
Իմ խմբերգային գործունեության ընթացքում տարբեր տարիքի, բնավորության, նախասիրության տեր երգիչներ են եղել: Ես հանգիստ եմ վերաբերվել նրանց, ովքեր ծանոթանալով, ուսումնասիրելով խմբերգային կատարումը ներսից, որոշ ժամանակ անց որոշել են թողնել և գնալ այլ ուղղությամբ: Այդ աշխատանքը նրանցը չի, բայց, միևնույնն է, այն, ինչ վերցնում և ստանում են, ժամանակի ընթացքում ինչ որ խմբի, երգչախմբի մեջ փորձում են կիրառել, վերականգնել ունեցած, բայց մոռացած կարողությունը:
Կրթահամալիրում մանկական երգչախմբում բազմաձայն երգեցողության հմտություններ ձեռք բերած շատ սովորողներ երգում են Միջին, Ավագ դպրոցների երգչախմբերի կազմում: Եվ նրանց թվում քիչ չեն այն նվիրյալները, որոնք շարունակում են իրենց գործունեությունը մանկական երգչախմբում՝ սիրով օգնելով նորեկներին: Նրանք դառնում են իմ գործընկերները, հարազատ մարդիկ, առանց որոնց շունչս է կտրվում, և երբեմն ինձ զգում եմ առանց ձեռքերի:
2000 թվականին երգչախումբը թողարկեց ձայնասկավառակ , որի մեջ տեղ գտան Սուրբ պատարագից հատվածներ, ինչպես նաև այլ ստեղծագործություններ:
Երգչախմբում ձևավորվում է սովորողի երաժշտական ճաշակը, ստեղծագործության կատարման, մատուցման կուլտուրան: Իմ երգիչները չեն լարվում, բայց գիտեն՝ բեմն իրենն է պահանջում՝ ազատ, անմնացորդ նվիրումով կատարում:
Ամեն պարապմունք — հանդիպում մի առանձնահատուկ ներկայացում է, որի ընթացքում փորձության են ենթարկվում նորեկները, արդեն փորձառուները, խմբավարը, նվագակցողը: Ուրախության, հայտնագործության, փոխըմբռնման, համախմբվածության, միասնականության գունեղ ներկապնակ — երգչախումբը դանդաղ, բայց հաստատ գնում է իր երաժշտական երգաշարք — արահետով, ուր վստահ է, որ չի մոլորվի, կգտնի այն, ինչի համար եկել է, գտել իր տեղը, հաստատվել, չի հիասթափվել ու չի հիասթափեցրել:
Իմ ամենասիրելիներ՝ փոքր ու մեծ երգիչներ, բարձր մասնագիտական պատրաստվածությամբ նվագակցողներ, ինձ հետ այդ դժվար, բայց լուսավոր ճանապարհն անցած հարազատներ, շնորհակա՜լ եմ:
«Գեղարվեստը կրթահամալիրում» ամենամյա հաշվետու համերգին «Սեբաստացիներ» մանկական երգչախումբը պատրաստվում է ներկայացնել Վ. Ա. Մոցարտի «Դուետ «Տիտայի բարեհոգությունը» օպերայից» ստեղծագործությունը: Միաժամանակ ընթացքի մեջ են Մովսես Խորենացու «Զանճառելի լուսոյ մայր» (Ս. Ծննդեան ճրագալոյցի շարական) և Ս. Լուսիկյանի «Ծաղկող հասակ» ստեղծագործությունները: