Ներկայանում են «Սեբաստացիներ» մանկական երգչախմբի երգիչները. Նատալի Գրիգորյան, Մերի Ներսիսյան
Նատալին կրթահամալիրի Արևելյան դպրոցի սովորող է, երգչախումբ է եկել դեկտեմբերից: Աշխատասեր է, լուրջ է մոտենում իր գործին, ձգտող է: Եթե շարունակի նույն ոգևորությմբ աշխատել, լավ արդյունքի կասնի:
Մերին երգչախումբ է եկել այս ուսումնական տարի, մինչ այդ երգել է այլ երգչախմբում, կարողանում է ոչ միայն ինքնուրույն երգել, այլև օգնել ինչպես իր, այնպես էլ մյուս ձայնամասերը երգողներին: Սա առաջին դեպքն է, երբ մեզ մոտ է գալիս արդեն հմուտ երգիչ: Սիրալիր է, անտրտունջ, սիրով օգնում է բոլորին:
«Սեբաստացիներ» մանկական երգչախմբի փորձերից, հայկական ժողովրդական երգ «Կռունկ, ծափ տուր ու թռի»
Այս տարի երգչախմբի կազմը հիմնականում նոր է: Դա նշանակում է, որ տանող ձայներն անչափ քիչ են: Ո՞վ է տանող ձայնը. լավ փորձ ունեցող, ինքնուրույն բազմաձայն երգելու կարողություն ունեցողը, ով իր կատարմամբ օգնում է նորեկներին կամ իրենց ձայնամասն ինքնուրույն երգել դժվարությամբ կատարողներին: Սովորաբար, մեզ մոտ հենց դառնում են այդպիսին, արդեն հայտնվում են Միջին, ապա Ավագ դպրոցների երգչախմբերում, որտեղ գերադասում են իրենց ունակությունները դրսևորել երաժշտության այն ժանրում, որն իրենք գերադասում են: Բայց, լինում են բացառություններ, երբ գիտակցելով, որ իրենց օգնության կարիքն ունեն մեր փոքրիկ (սկսած 5 տարեկանից) երգիչները, չեն լքում երգչախումբը, մնում են և սիրով օգնում:
Ներկայացված կատարումը իրականացվել է առանց տանող ձայների, այսինքն, իմ սիրելի փոքրիկ երգիչները արդեն կարողանում են բազմաձայն երգել՝ ինքնուրույն կատարելով իրենց ձայնամասը:
«Սեբաստացիներ» մանկական երգչախումբը շաբաթօրյա փոքր կազմով՝ գարնանային «Ձոն» տրամադրությամբ
Գարու՜ն է, գարնանային է մեր տրամադրությունը, փոխանցում ենք այն բոլորին…
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց,
Լսու՞մ եք անուշ մի զնգոց –
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց –
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց: Ե. Չարենց
«Սեբաստացիներ» մանկական երգչախումբ. Լիլիթ, Եվա, Սոնա Ալեքսանյաններ
Ընտանեկան զույգին միացավ ամենափոքր քույրիկը, և դուետը դարձավ տրիո: Գարունն էլ իր խայտանքը փոխանցեց, և ներսում առկայծող բոցն ալիքվեց: Հովհաննես Թումանյանի «Ուլունք» բանաստեղծությունն էլ երգով ազդարարեց՝ գարու՜ն է եկել ամպերով: