«Սեբաստացիներ» մանկական երգչախումբը շարունակում է իր առցանց աշխատանքը փոքր խմբերով: Կազմել ենք Հեռավար-առցանց կրթության դասացուցակ , աշխատում ենք առանձին խմբերով: Առանձին ձայնամասերով յուրացնում ենք Կոմիտասի «Փափուռի ջան», «Այ ինդիլո» եռաձայն մշակված ստեղծագործությունները:
Մանկական երգչախմբի հիմնական առաքելությունը՝ փոքրիկ երգիչների բազմաձայն երգեցողության կարողության ձեռքբերումն է: Քանի որ համարյա բոլորը նորեկներ են, դժվարանում են իրենց ձայնամասը կատարել այլ ձայնամասի հետ միաժամանակ: Տեխնիկական հնարավորությունները թույլ չեն տալիս միաժամանակ համաչափ, հավասար կատարում՝ սովորողներն իրար չեն կարող լսել, ձայնը փոքր հապաղումով է տեղ հասնում: Երբ տրվում է սկսելու հրահանգ, յուրաքանչյուրը որոշակի արագությամբ սկսում է կատարել, միաժամանակյա հավասար երգեցողությունը դառնում է անհնար: Այդ պատճառով էլ որոշեցինք աշխատել փոքր խմբերով, որ ապահովենք անհատական աշխատանք:
Փորձը ցույց տվեց, որ արդյունավետ է անհատական աշխատանքը: Հետաքրքիր է, որ այն հատվածը, որի ճիշտ, մաքուր կատարման վրա աշխատում էինք, Անգելինան կատարում էր մանկանը հատուկ ստեղծականությամբ՝ ստեղծելով իր երաժշտական դարձվածքը: Բացառված չի, որ այդ կտորն այդպես էլ կատարած լինեն: Զարմանալի բարեխղճություն ու համբերատարություն ցուցաբերեց:
Խմբային աշխատանքի օրինակ
Խմբային աշխատանքը բավական հմտություն է պահանջում երկուստեք կողմից: Փոքրիկ երգիչները տարբեր արագությամբ են երգում, կատարման ժամանակ միմյանց լսելը դժվար է: Համաչափ կատարելու համար հարկավոր է մեղմ երգել, լարել լսողությունը և փորձել մյուսների կատարած երգի արագությամբ միանալ: Ոչ բոլորի կապերն են բավարարում աշխատանքի պահանջներին, ձայնը կտրատվում է, կապն է վատ: Բոլոր դեպքերում, մեր աշխատանքը հաջողվեց, քանի որ բոլորս էլ մեծ ցանկությամբ ու համբերությամբ աշխատեցինք: